Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերին կտրամադրի «Եվրամիությունում մեկ մարդու» հասցեն, եթե նա շարունակի արգելափակել եվրոպական օգնությունը Կիևին: Զելենսկու ելույթի տեսանյութը հրապարակել է Unian գործակալությունը:
Ուկրաինայի ղեկավարը չի նշել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անունը: «Մենք հույս ունենք, որ Եվրամիությունում մեկ անձը չի արգելափակի 90 միլիարդը կամ 90 միլիարդի առաջին տրանշը, և որ ուկրաինացի զինվորները զենք կունենան: Հակառակ դեպքում մենք այդ մարդու հասցեն կտանք մեր զինված ուժերին: Թող նրանք զանգահարեն և շփվեն նրա հետ իրենց լեզվով»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը և հավելել. «Մենք հասկանում ենք, որ այս գումարին այլընտրանք չունենք»,- հավելել է նա:
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն արձագանքել է Զելենսկու սպառնալիքին: «Ոչ ոք չի կարող սպառնալ Հունգարիային կամ նրա վարչապետին։ Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել մեզ միայն այն պատճառով, որ մենք հրաժարվում ենք վճարել Ուկրաինայում պատերազմի գինը և չենք հանդուրժում Ուկրաինայի պատճառով էներգակիրների գների բարձրացումը»,- ասել է արտգործնախարարը X-ում հրապարակված հայտարարության մեջ:
Հարցը նախատեսված է քննարկել Եվրոպական խորհրդի մարտի 19-ի նիստում: Կիևը դրական որոշման հույս ունի, շարունակել է գործակալությունը:
Փետրվարի 20-ից Հունգարիան արգելափակում է Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը: Խոսքը 90 միլիարդ եվրոյի վարկի մասին է, որից 60 միլիարդը նախատեսված է հանրապետության պաշտպանական կարիքների համար։
Բուդապեշտն իր վետոն բացատրում է նրանով, որ Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Հունգարիան այլևս չի ստանում ռուսական նավթ՝ Կիևի կողմից վերանորոգումը ենթադրաբար չկատարելու պատճառով։