Օրը սկսեցինք Վազգեն Սարգսյանի ծնունդը նշելով: Այսպես սկսեց Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում ունեցած իր ելույթը ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով՝ իր ելույթը ցանկանում է սկսել նրանով, թե Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի միասնության հիմքերն ինչի վրա էին կառուցված:
Նրա խոսքով՝ դրա մեջ կար երկրում տիրող կոռուպցիոն վիճակ. մեկ տարի առաջ Վազգեն Սարգսյանն իր մասնակցությունն ունեցել էր՝ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելով, իսկ մեկ տարի հետո Կարեն Դեմիրճյանի հետ միավորվեց երկիրը փրկելու հարցի շուրջ:
«Դա միայն ներքին քաղաքական ամբողջ սպեկտրը չէր, բայց կոռուպցիոն վիճակն անհանգստացնում էր մեծ անհատականություններին: Ինչով ավարտվեց դա. բոլորս գիտենք՝ հոկտեմբերի 27-ով: Դրանից հետո երկիրը թևակոխեց համակարգված կոռուպցիայի դաշտ: Ինչքան էլ խոսենք քաղաքական կոռուպցիայի մասին, այո՛, քաղաքական կոռուպցիան մեզ ուղեկցում է:
Խնդրեմ, Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է 135-ամյա Դաշնակցության առաջնորդը: Ինչն է կապում նրան և ՀՅԴ-ին: Ինձ այդ հարցը միշտ մտահոգել է, որովհետև Ռոբերտ Քոչարյանը կա՛մ Դաշնակցության անդամ է, կա՛մ այլ կապեր կան, որոնք պետք է բացահայտվեն»,- հայտարարեց պատգամավորը՝ ձեռքի շարժումով ցույց տալով նիստերի դահիլիճի մի հատվածը:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ կոռուպցիան կոնկրետ դրևսորումներ են, դա միայն գումարային հարաբերությունները չեն:
«Կոռուպցիան քանդում է պետություններ»,- նշեց Քոչարյանը՝ հիշեցնելով խորհրդային տարիների վերջին ժամանակաշրջանը:
Բայց համեմատել այն ժամանակվա ներքին գործերի կոռուպցիոն ունեցվածքը և մեր՝ 1999 թվականից սկսած պաշտոնյաների անշարժ և շարժական գույքի ու դրամական միջոցների ծավալները, ըստ նրա, անհամեմատելի են:
Անդրանիկ Քոչարյանն այնուհետև ներկայացրեց, թե Հոկտեմբերի 27-ից հետո ինչ տեղի ունեցավ մեր երկրում:
«Մինչև Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստան գալը, նա ոչինչ չուներ: Վստահաբար ձեզ ասում եմ: Բոլորը հիշում են դեղին «Զապորոժեցը», ես էլ եմ հիշում, Վաչոյի ՌԱՖ-ը, որով դիմավորում էր մարդկանց ու տանում զորամասեր: Հիմա բանկերից միլիարդները հանում են, բոլորը տեսնում են, և հարց է առաջանում. մեզ մեղադրում են՝ ինչու են այս մարդիկ դեռ ազատության մեջ»,- ասաց պատգամավորը՝ նշելով՝ մենք խնդիր ունենք մեր օրենսդրության հետ:
Ըստ նրա՝ այնքան են ձգձգում դատական պրոցեսները, պարզ չի դառնում՝ մոտ ապագայում նրանք կստանա՞ն իրենց պատիժը, թե՞ ոչ:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ կոռուպցիան պետությունը հասցրեց մի վիճակի, որ 44-օրյա պատերազմում մենք պետք է արձանագրեինք պարտություն:
«Մեր խնդիրն է փրկել երկիրը»,- հայտարարեց պատգամավորը: