Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման ուղղությունները՝ ընդգծելով Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության կարևոր դերն այս գործընթացում: