Ծրագիրն ուղղված է լինելու Հայաստանի ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման արդիականացմանն ու բարելավմանը: Ծրագիրն ունենալու է չորս հիմնական բաղադրիչ. առաջին՝ ջրային ոլորտի բարեփոխում և կլիմայադիմացկուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում, երկրորդ՝ գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, երրորդ՝ ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում և չորրորդ՝ ծրագրի կառավարում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 26-ի արտահերթ նիստում: Կոմիտեի նախագահը քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ծրագիրը համաֆինանսավորվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից՝ 70 մլն եվրո գումարի չափով, և Հայաստանի Կառավարության կողմից՝ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսքով:
Զեկուցողը նշել է, որ ծրագիրը բազմափուլ է: Առաջին փուլը նախատեսված է 5 տարվա համար. կլինի նաև Ծրագրի երկրորդ փուլ: Առաջին փուլի համար նախատեսվում է 185 մլն դոլարի, իսկ երկրորդ փուլի համար՝ 250 մլն դոլարի չափով գումար:
Արամազդ Ղալամքարյանի խոսքով մինչև այսօր ոլորտը չի ունեցել ռազմավարություն կամ որևէ ռազմավարական ծրագիր:
Պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին՝ զեկուցողը մասնավորապես տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղվելիք լուրջ գումարներ են հատկացված, բայց դրանում ներգրավված չեն ջրամբարները: Ծրագրի շրջանակում կիրականացվի ջրանցքների արդիականացում և թարմացում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ներառել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: