ԱՄՆ նախագահի՝ ազգին ուղղված ուղերձի մի մասը նվիրված էր ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում նրա գործողություններին։ Թրամփը պարծեցել է 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորման հարձակման ժամանակ առևանգված իսրայելցի պատանդների վերադարձով, գրում է BBC-ն։
ԱՄՆ ղեկավարը կրկնել է «ութ պատերազմներն ավարտելու» մասին իր հայտարարությունները։ Լրատվամիջոցը նշել է, որ Թրամփը հպանցիկ է հիշատակել Ռուսաստանի լայնածավալ պատերազմն Ուկրաինայի դեմ, թեև ելույթի ամսաթիվը համընկել էր այդ երկիր Ռուսաստանի ներխուժման չորրորդ տարելիցին։ Թրամփի խոսքով՝ իր վարչակազմը «հսկայական ջանքեր է գործադրում» պատերազմին վերջ տալու համար:
ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ուղղված իր ելույթում անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրին։ Նա հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք, միաժամանակ, կնախընտրեր դա անել առանց ուժի կիրառման՝ դիվանագիտության միջոցով։
Թրամփը հպարտացել է, որ իր քաղաքականության շնորհիվ ամբողջ աշխարհում ԱՄՆ-ից կրկին վախենում և նաև հարգում են։