Շատ հաճախ մենք տեսնում ենք քննադատություն՝ դուք, ի՞նչ է, փորձում եք անցյալը ջնջել, դուք, ի՞նչ է, փորձում եք մեր ցավը մոռանալ, դուք, ի՞նչ է, փորձում եք խմբագրել և այլն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը:
«Ես շատ կարևոր եմ համարում արձանագրել մի բան, որ որևիցե պահի մենք մեր առջև նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը, մոռացության մատնել մեր տարաձայնությունները, մոռացության մատնել այն ցավը, որը և՛ մեր, և՛ իրենց հասարակությունում կա: Դա չէ այս ֆորմատի նպատակը, այս ֆորմատի նպատակը՝ փորձել ձևավորել նաև խաղաղության օրակարգը սպասարկող նախագծեր, քննարկումներ, փորձել ձևավորել դրական թղթապանակ՝ միաժամանակ փորձել աջակցել առկա խնդիրների լուծմանը՝ գաղափարներ առաջարկելով»,- նշեց Արեգ Քոչինյանը:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։