Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։
Հանրապետությունում 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ը աստիճանաբար կբարձրանա 5-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։