Այս տարվա կտրվածքով շտապօգնության կանչերի մասով միավորելու պլան ունենք, որպեսզի քաղաքացին ցանկացած արտակարգ իրավիճակում, երբ պետության օգնության կարիք ունի, չմտածի՝ հիմա զանգահարե՞մ 103, 102, թե՞ 911: Պետությունը պիտի գնահատի իրավիճակը և քաղաքացուն ծառայություն մատուցի: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ փետրվարից գործելու է 112 հեռախոսահամարը:
«Հորդորում եմ, որ փետրվարի 15-ին քաղաքացիները զանգահարեն հենց 112: Բայց եթե կունենանք իրավիճակներ, որ իներցիայով կզանգահարեն 102 կամ 911, հոգ չէ, մեր քաղաքացիները չեն զրկվում որևէ օժանդակությունից, զանգերն ավտոմատ ուղղորդվում են 112, և զանգը կսպասարկվի այնպես, ինչպես հիմա կսպասարկվեիք՝ զանգահարելով 102 կամ 911»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ որոշակի փոփոխություններ են իրականացվել զանգերի սպասարկման մասով ևս: Հիմա եթե քաղաքացին զանգահարի 911, և եթե զանգը լինի Երևանից, ահազանգը փոխանցվում է Երևանի հրշեջ-փրկարարական ծառայությանը: Բայց եթե ծառայությունը զբաղված լինի, և չկարողանան անմիջապես պատասխանել զանգին, այսուհետ զանգն անմիջապես կսպասարկվի, հետո կքննարկվի՝ մարզայի՞ն, թե՞ Երևանի ստորաբաժանումները կամ պարեկներն են մոտենում:
Նախարարը նաև նշեց, որ, ուսումնասիրության համաձայն՝ մինչ այս քաղաքացիների զանգերը 102 հիմնականում տեղեկատվության հարցումների հետ են կապված. «Դասական օրինակ՝ երկրորդ գիծ մեքենա կա կանգնած, անձը չի կարողանում տրանսպորտային միջոցը դուրս բերել, 102 հեռախոսահամարն այդ պահին ուղղակի զբաղվում է հարցի կարգավորմամբ»: