Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել էր հոկտեմբերին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում:
Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի
հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն: