Խորհրդարանը քննարկում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ փոփոխությունը կատարվում է վարորդական վկայականի իրավունքի դադարեցման հոդվածում:
«Փոփոխությունը կատարում ենք չորրորդ՝ թմրաբանական և հոգեբուժական եզրակացության հիմքի մեջ: Ներկայումս պրակտիկան այնպիսին է, որ յուրաքանչյուր վարչական գործառնություն իրականացնելու ժամանակ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումը հարցում է կատարում թմրաբանական և հոգեբուժական հաստատություններից եզրակացություններ ստանալու համար տվյալ անձի սահմանափակումների վերաբերյալ, մինչդեռ ներկայումս քանի որ արդեն գործում է առողջապահական էլեկտրոնային համակարգը՝ «Արմեդը», փոփոխությունը առաջարկում ենք կազմակերպել այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր անգամ, երբ անձը կգրանցվի նմանատիպ հաստատություններում, հաշվառված կլինի, և այդ տեղեկատվությունը կհայտնվի «Արմեդում», ՆԳՆ-ի էլեկտրոնային ռեգիստրում ինքնաշխատ կերպով այդ տեղեկությունը կհայտնվի, և մարդու վարելու իրավունքը կդադարի:
Նշեմ, որ ներկայիս պրակտիկայի շրջանակում 2021 թվականից մինչև 2025 թվականի առաջին 11 ամիսները նման կերպով դադարեցվել է 2370 անձի վարելու իրավունք»,- տեղեկացրեց Ղազարյանը:
Այսպիսով՝ օրենքի նախագծով հստակեցվում են անձի՝ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող առողջական վիճակով պայմանավորված՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ինքնաշխատ դադարեցման իրավական հիմքերը:
Բացի դրանից՝ առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացնել ՀՀ ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանման միջոցով:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը և անձի՝ վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու բժշկական հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում այն ինքնաշխատ կերպով դադարեցնելու միջոցով նպաստել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Միաժամանակ, ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կիրականացվի ՀՀ ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանման միջոցով: