Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանում փետրվարի 6-ին ամերիկյան կողմի հետ կայացած անուղղակի բանակցությունները կենտրոնացած են եղել միայն միջուկային թեմայի շուրջ, այլ հարցեր չեն քննարկվել:
Ուրանի հարստացումն, ըստ Արաղչիի, քննարկումների շրջանակից դուրս է: Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որ ուրանի հարստացումը լինի բացառապես խաղաղ նպատակներով: Ինչ վերաբերում է Իրանի հրթիռային ծրագրին, դա, Արաղչիի խոսքով, միայն պաշտպանական բնույթ է կրում:
Բանակցությունների հաջորդ փուլի հստակ օր չի սահմանվել, սակայն դա տեղի կունենա շատ շուտով: Իրանի արտգործնախարարը շեշտել է՝ Օմանում ամերիկյան կողմին ասվել է, որ կա երկու տարբերակ՝ պատերազմ և դիվանագիտություն. Թեհրանն ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է պատերազմի:
«Եթե ԱՄՆ-ը մեր դեմ հարձակում սկսի, մենք հնարավորություն չունենք հարված հասցնելու նրա տարածքին, այնպես որ, կհարվածենք տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին»,- ասել է Արաղչին:
Նրա խոսքով՝ սա ամբողջ տարածաշրջանը կներքաշի պատերազմի մեջ: Դիվանագետը շեշտել է՝ Իրանի հարվածներն ուղղված կլինեն ոչ թե հարևան երկրների, այլ ամերիկյան բազաների դեմ: