Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ:
Ի թիվս այլ հարցերի` առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես՝ դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի։