Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հաշվի առնելով ԵՄ-ի վերափոխումը ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկի և Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված նրա ռազմավարական կուրսը՝ «Հայաստանի հետաքրքրությունը՝ անդամակցելու այս կազմակերպությանը, չի կարող մտահոգություն չառաջացնել»:
Մասլեննիկովի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, գիտակցում է հնարավոր բացասական հետևանքները: Պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ ռուսական կողմը հարգում է այլ երկրների ինքնիշխան իրավունքը՝ մասնակցելու ինտեգրացիոն միավորումներին, և նրանց ցանկությունը՝ ստանալու լրացուցիչ հնարավորություններ տնտեսական զարգացման և բնակչության բարեկեցության բարելավման համար:
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում: