ԵՄ քաղաքացիական առաքելությունը տեղակայվեց ՀՀ-ում՝ մշտադիտարկելու իրավիճակը և կայունությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Երբ համապատասխան որոշումը կայացվեց ԵՄ գործընկերների և անդամ պետությունների կողմից, մենք իսկապես կարիք ունեինք սահմանի երկայնքով օբյեկտիվ մոնիթորինգային առաքելության: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը:
Միրզոյանը նշեց, որ ԵԽԽՎ նստաշրջանն իր համար ևս մեկ հնարավորություն է երախտագիտություն հայտնելու նրանց, ովքեր կայացրել են այդ որոշումը:
«Իսկապես, այդ առաքելությունն զգալի դերակատարում ունեցավ և աջակցեց իրական կայունությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով:
Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ ժամանակ է անցել, և հիմա ունենք խաղաղություն, և պետք է մտածենք, թե ինչպես կարող է այս առաքելությունը շարունակել աջակցել՝ մեր ներքին, միգուցե սահմանային կառավարման կարողությունները զարգացնելով»,- ասաց նա: