Հայաստանը հաջողությամբ անցկացրեց երկու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանք արժանացան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճանաչման՝ որպես ազատ: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ:
Ըստ Միրզոյանի՝ դա ցույց տվեց, որ քաղաքացիների կամքը պետք է ճշգրիտ արտացոլվի քվեատուփերում:
«Այս հունիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մեզ համար սա կարևոր իրադարձություն է մեր ժողովրդավարության անշրջելիության ամրապնդման գործում: Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է:
Այնուամենայնիվ, մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրականության նկատմամբ: Մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն: Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել: Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սցենարների համար և նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների: Նրանք ցանկանում են խաթարել մեր ինքնիշխան ընտրությունը խաղաղության և ժողովրդավարության համար և նրանք ցանկանում են մեզ վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության և թույլ ինքնիշխանության խավար: Նրանք ցանկանում են օգտագործել ժողովրդավարության գործիքները և մեխանիզմները ժողովրդավարությունը վերացնելու, ոչնչացնելու համար: Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է ամենօրյա գործունեություն»,- ասաց նա:
Այս համատեքստում առաջանում է երկընտրանք, ըստ Միրզոյանի, խոսքի ազատության պահպանման և չարամիտ գործող անձանց դեմ պայքարելու վճռականության միջև, որոնք, ըստ ԱԳ նախարարի, նպատակ ունեն խաթարել հասարակության և ժողովրդավարության նկատմամբ վստահությունը, և որ այդ ջանքերն է՛լ ավելի են աճելու, քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են:
«Բայց ես այստեղ կանգնած եմ ասելու՝ նրանք չենք հաջողելու: Մեր հասարակությունն իմունիտետ է ձեռք բերել ստի նկատմամբ»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, թե ժողովրդավարությունը պաշտպանելու համար հենվելու են ժողովրդավարական գործիքների վրա:
«Մենք կլինենք թե՛ շրջահայաց, թե՛ վճռական մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հետ: Մենք կապահովենք, որ այս ընտրությունները ծառայեն որպես ժողովրդավարական դիմակայունության ապացույց»,- ասաց նա: