ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում դաշնային գործակալների կողմից 37-ամյա Ալեքս Փրեթիի սպանությունից մեկ օր անց քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ցույց ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների գործողությունների դեմ և արդարադատության պահանջ՝ Փրեթի և Ռենե Գուդի համար, որը սպանվել էր մոտ երեք շաբաթ առաջ։ Բողոքի ցույցը, ընդհանուր առմամբ, խաղաղ է անցել՝ հաղորդում է BBC-ն։
Վերակենդանացման բաժանմունքի 37-ամյա բուժաշխատող Ալեքս Փրեթին շաբաթ օրը մահացու կրակոցներ էր ստացել գործակալներից, որոնք քաղաքում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի քարոզարշավի շրջանակում։
Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ գործակալները կրակել են ինքնապաշտպանության նպատակով՝ փորձելով զինաթափել Փրեթիին, սակայն, ըստ այլ ապացույցների՝ տղամարդու ձեռքին կարող էր լինել հեռախոս, այլ ոչ թե ատրճանակ:
Մինեապոլիսում ցուցարարները հայտարարել են, որ չեն դադարեցնի ներգաղթի աշխատակիցների դեմ ակցիան, քանի դեռ նրանք չեն լքել քաղաքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Wall Street Journal-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ICE գործակալները «որոշակի պահի» դուրս կբերվեն Մինեապոլիսից, սակայն չի նշել, թե երբ դա կարող է տեղի ունենալ։