Կանադան մերժել է Թրամփի քննադատությունը Չինաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ։ Վարչապետ Մարկ Քարնին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ Կանադայի նկատմամբ պատժիչ մաքսատուրքեր սահմանելու մասին, եթե Օտտավան առևտրային համաձայնագիր կնքի Պեկինի հետ։
Նա վստահեցրել է, որ իր երկիրը մտադիր չէ ազատ առևտրի համաձայնագիր կնքել Չինաստանի հետ, քանի որ դա կհակասի Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրին (USMCA), որը ստորագրվել է ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև` Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում:
Քարնին ընդգծել է, որ Կանադան «հարգում է իր պարտավորությունները» USMCA-ի շրջանակներում, իսկ Չինաստանի հետ պայմանավորվածությունները վերաբերում են միայն Կանադայի ու Չինաստանի միջև խնդրահարույց առևտրային հարցերին՝ չինական արտադրության էլեկտրական մեքենաներին, գյուղատնտեսական արտադրանքին և ձկնամթերքին։
Ավելի վաղ Թրամփը Կանադային սպառնացել էր 100% մաքսատուրքերով, եթե Օտտավան առևտրային համաձայնագիր կնքի Չինաստանի հետ։ «Մարկ Քարնին խորապես սխալվում է, եթե կարծում է, որ Կանադան կարող է դառնալ ԱՄՆ ուղարկվող չինական ապրանքների տարանցիկ կետ»,- գրել է նա Truth Social հարթակում։ ԱՄՆ նախագահի համոզմամբ՝ «Չինաստանը ողջ-ողջ կուտի Կանադան, կուլ կտա այն ամբողջությամբ և կոչնչացնի նրա բիզնեսը, սոցիալական կառուցվածքն ու կենսակերպը»: