Իրանի ԱԳՆ-ն հերքել է արևմտյան մամուլի տեղեկությունը, որ երկրում դեկտեմբերի 28-ից բռնկված ցույցերի ընթացքում զոհվել է 30000 մարդ: Գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղաեին կեղծ է որակել այդ լուրը:
Ավելի վաղ Թեհրանից հայտնել էին, որ երկրում ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ: Արտգործնախարար Աբբաս Արաղչիի ձևակերպմամբ՝ 2400-ը եղել են քաղաքացիական անձինք և անվտանգության աշխատակիցներ, 690-ը՝ ահաբեկիչներ: Իրանի գլխավոր դատախազն էլ մեկնաբանել էր Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Իսլամական Հանրապետությունում զանգվածային ցույցերի ֆոնին հարված չեն հասցրել այդ երկրին, քանի որ Թեհրանը խոստացել է չեղարկել ձերբակալված 800 քաղաքացու մահապատիժը: «Ոչ այդպիսի թիվ կա, ոչ էլ Իրանի դատական մարմիններ են նման որոշում կայացրել»,- նշել է Մոհամմադ Մովահեդին:
Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունը պահպանվում է: Տեղեկություններ կան, որ ամերիկյան կողմն ուժեր է կուտակում Իսլամական Հանրապետության ուղղությամբ՝ Մերձավոր Արևելքում: Նաև հաղորդվում է, որ միջազգային մի շարք ավիաընկերություններ չեղարկում են Մերձավոր Արևելքի տարածքում, այդ թվում՝ Իսրայելում չվերթերը:
Թեհրանից հորդորել են Վաշինգտոնին սխալ հաշվարկների հիման վրա քայլեր չձեռնարկել, քանի որ դրանք համարժեք արձագանք կստանան:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։