Այսօր մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 142 և թիվ 135 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոներ։
Քննական գործընթացի մեկնարկից առաջ Ժաննա Անդրեասյանը նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ:
Նախարարը հաջողություն է մաղթել նրանց և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների հարցերով։
Ժաննա Անդրեասյանը նաև զրուցել է դիմորդների ծնողների հետ և լսել նրանց դիտարկումները քննական գործընթացի վերաբերյալ:
Նշենք, որ առաջին օրը դիմորդները քնություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում հայտագրվել է 12 538 դիմորդ։ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 4657 դիմորդ․ քննությունն անցկացվել է 37 քննական կենտրոնում, որոնցից 27-ը մարզերում է, 10-ը՝ մայրաքաղաքում:
Հաշվի առնելով, որ եղանակային պայմանների պատճառով Սիսիանից դիմորդները քննական կենտրոններ հասնելու դժվարություններ են ունեցել, նրանց համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն. ժամկետների մասին դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ։
Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա վաղը «Ֆիզիկա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։