ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային նավատորմը շարժվում է Պարսից ծոցի տարածաշրջան, և ուշադրության կենտրոնում Իրանն է` գրում է Al Jazeera-ն:
«Մենք հետևում ենք Իրանին: Մեծ ուժեր են շարժվում Իրան, բայց ես կնախընտրեի, որ որևէ բան տեղի չունենա»,- հինգշաբթի նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումից վերադառնալիս։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավելացման մասին Թրամփի հայտարարությունը հնչել է, երբ անցյալ շաբաթ նա, կարծես թե, հետ էր կանգնել Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին իր սպառնալիքներից, երբ Թեհրանը հավաստիացրել էր, որ մահապատժի չի ենթարկի ցուցարարներին, նշում է լրատվականը:
Հինգշաբթի ելույթ ունենալով Դավոսում՝ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի դեմ ուժ կիրառելու իր նախկին սպառնալիքները խանգարել են Իրանի իշխանություններին մահապատժի ենթարկել ավելի քան 800 ցուցարարի: Նա կրկին նշել էր, որ բաց է այդ երկրի ղեկավարության հետ բանակցությունների համար:
Չորեքշաբթի CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում Թրամփը հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ հետագա ռազմական գործողություններ չի ձեռնարկի, բայց նաև ասել էր, որ Միացյալ Նահանգները կգործի, եթե Թեհրանը վերսկսի իր միջուկային ծրագիրը։
Երեքշաբթի Wall Street Journal թերթում գրված հոդվածում էլ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել էր ԱՄՆ-ին, որ Թեհրանը «կպատասխանի այն ամենով, ինչ ունի», եթե նրա վրա հարձակվեն:
Արաղչին նշել է, որ իր նախազգուշացումը սպառնալիք չէ, «այլ իրականություն, որը ես անհրաժեշտ եմ համարում հստակ փոխանցել, քանի որ որպես դիվանագետ ու վետերան, ատում եմ պատերազմը»: