Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է, որ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում կդիտարկվի որպես պատերազմի հայտարարում իրանցի ժողովրդին: Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների պատժամիջոցների պատճառով է երկրում տնտեսական ծանր իրավիճակ ստեղծվել: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին հայտնել էր, որ ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել:
Միևնույն ժամանակ, Իրանում իրավիճակը հանդարտվել է: Երկու շաբաթից ավելի տևած հակակառավարական ցույցերի ընթացքում, ըստ իրավապաշտպան խմբերի, զոհվել է 3000 մարդ: Reuters-ի տվյալով զոհերի թիվը գերազանցում է 5000-ը: Իրանի գերագույն առաջնորդը ևս ավելի վաղ հայտարարել էր, որ ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել: Զոհերի պաշտոնական թիվն առայժմ չի նշվել: