Մինչև այժմ Ղարաբաղում բնակված տասը հայեր և ազգությամբ ռուս Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ դիմումների հիման վրա նրանք տեղափոխվել են Հայաստան։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Թորոսյանն ընդգծել է, որ Հայաստան տեղափոխվածների բոլոր կարիքները պետությունը հոգում է:
«Պատրաստվում ենք զբաղվել մեր հայրենակիցներով և 1 մեր քաղաքացիով, այնպես, ինչպես զբաղվել ենք մնացած հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների հարցերով: Հենց հիմա էլ մեր մասնագետները մեր գործընկեր գերատեսչությունների մասնագետների հետ զբաղվում են նրանց հարցերով: Բոլոր կարիքները հոգալու ենք. կլինի առողջապահական, սոցիալական, այլ տեսակի:
Ես խնդրում եմ պարզապես չմտնենք այդ մարդկանց անձնական կյանք՝ նաև հաշվի առնելով, թե ինչպիսի հանգամանքներով են իրենք եկել: Ինչ-որ ժամանակ կանցնի, եթե նրանցից ոմանք կուզենան խոսել, արդեն իրենց ցանկությունն է: Այս պահին վստահ եղեք, որ նրանց բոլոր հարցերով զբաղվում են, նրանց դիմումը տեղափոխվել Հայաստան, ինչպես տեսնում եք, բավարարվել է»,- ասել է Արսեն Թորոսյանը: