Շարունակվում է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, խոսելով նախագծի մասին, անդրադարձավ դրա նախապատմությանը, նկատեց՝ նախագիծը կարելի է շատ ավելի հանգիստ պայմաններում ընդունել, քան ընդդիմությունը փորձում է ցուցադրել:
Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր ԱԺ արտահերթ նիստը և լքել նիստերի դահլիճը:
Կարապետյանի խոսքով՝ ինչպես իրավացիորեն նկատել էին իր գործընկերները, թե՛ Գյումրու, թե՛ Վաղարշապատի ընտրություններում դիտորդական առաքելությունների անունից հանդես են եկել կազմակերպություններ, անձինք, որոնք քաղաքական գործընթացների մասնակիցներ են:
«Հիմա եթե հանրայնորեն հնչեցնենք նրանց անունները՝ «Հայաքվե» կամ «Թաթոյան» հիմնադրամ, արդյոք քաղաքացիները կկարողանա՞ն տարբերակել՝ սրանք կուսակցություննե՞ր են, որոնք մասնակցում են ընտրություններին, թեկնածունե՞ր են, թե՞ դիտորդական առաքելություն:
Ես դիտել եմ ԿԸՀ այն նիստը, որում այս առաքելությունների հարցն էր քննարկվում, և, այո՛, նրանք ընդունել են, որ խախտել են դիտորդական առաքելությունների առջև դրված չեզոքության պայմանը»,- ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այս կազմակերպությունները ընտրական գործընթացի մեջ են մտնում երկու տարբերակով՝ եթե ընտրության արդյունքները նրանց դուր գան, ապա նրանք ընտրությունները կհռչակեն բոլոր չափանիշներին համապատասխանող, իսկ եթե այդ արդյունքները նրանց դուր չգան, կասեն, ահա, տեսեք՝ նախորդ օրը այդ բոլոր ֆիկտիվ խախտումները, որոնք կազմակերպել են, թե իբր տեղի են ունեցել, ի հայտ կգան: