Հունվարի 20-ի նիստին Ազգային ժողովն ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկված մի շարք նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածում փոփոխություն առաջարկող նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է արգելել հուշարձանների օտարումը՝ առանց Կառավարության համաձայնության:
Ըստ նախագծի համահեղինակի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի՝ եթե հուշարձան հանդիսացող, Եկեղեցուն պատկանող շենք են օտարում, սեփականություն փոխում կամ նվիրաբերում, այս նախագծով այդ գործընթացում Կառավարության համաձայնությունը պարտադիր է: Կառավարությունը կարող է չտալ այդ համաձայնությունը և մերժել սեփականության նման փոփոխություն կատարելու առաջարկը, եթե կա տվյալ գույքը ոչ հանրօգուտ և ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ ծանուցմանը կից փաստաթղթերը կեղծ են և խեղաթյուրված:
Նախագիծն ընդունվեց 67 կողմ, 24 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ «««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստան և ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը՝ 24 ամիս ծառայելուց մինչև 15 մլն դրամ պետբյուջե վճարում:
Նախագիծն ընդունվեց 87 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Հայաստան» խմբակցությանը կողմ քվեարկելու համար, ապա տարակուսանք հայտնեց, թե ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ չքվեարկեց նախագծին:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը: Նրանք առաջարկել են հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:
Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլ՝ անմիջապես: Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր:
Նախագիծն ընդունվեց 69 կողմ, 15 դեմ ձայներով: