Ազգային ժողովի՝ հունվարի 19-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց իր հեղինակած՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
Պատգամավորը նախ ներկայացրեց վիճակագրություն: Ըստ այմ՝ 1995 թվականին բանակից խուսափելու համար հետախուզվել է ընդամենը 1511 քաղաքացի: 1999 թվականից՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մահվանից հետո, բանակից խուսափողների թիվը շեշտակի աճել է՝ 2004-ին անցնելով 12 հազարը: 2004-ին ընդունվել է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների օրենքը, որով սահմանվում էր, որ բանակից խուսափած 28 տարեկան անձինք կարող են վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ և, ըստ պատգամավորի, ազատվել պատասխանատվությունից՝ ոչ մի օր չծառայելով բանակում: Այս օրենքն ընդունվել էր 1 տարի ժամկետով, սակայն 2005-ից ամեն տարի այն երկարաձգվել է մինչև 2019 թավական: 15 տարվա ընթացքում օրենքից օգտվել է 10656 քաղաքացի:
2019-ից այլ նախագծեր են ներկայացվել, որոշներն ընդունվել են, որոշները չեն ընդունվել, այժմ պատգամավորն առաջարկում է նոր նախագիծ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից, որոնց 27 տարին լրացել է, չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք, քան 2-5 տարի ժամկետով ազատազրկվելն է:
«Այժմ ունենք 1200-ից ավելի տղաներ, որոնք չունեն որևէ այլընտրանք, քան ՀՀ վերադառնալու դեպքում դատապարտվելը: Այսօր ներկայացված փոփոխությամբ այս հարցը կլուծվի մեկընդմիշտ:
Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած 5 տարբերակներից որևէ մեկից և ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքն այլևս 37 տարին է նրանց համար»,- ասաց նա:
Նշեք, որ նախագծով առաջարկվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով նշված հինգ տարբերակներից մեկը.
1. ծառայել 24 ամիս ժամկետով,
2. ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,
3. ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,
4. ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,
5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:
Նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստի կողմից դրական եզրակացություն է ստացել, առաջարկի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել նաև Կառավարությունը: