Նախագծով առաջարկվում է արգելել հուշարձանների օտարումը՝ առանց Կառավարության համաձայնության: Եթե հուշարձան հանդիսացող, Եկեղեցուն պատկանող շենք են օտարում, սեփականություն փոխում կամ նվիրաբերում, այս նախագծով այդ գործընթացում Կառավարության համաձայնությունը պարտադիր է: Ազգային ժողովի՝ հունվարի 19-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ ներկայացնելով ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի համահեղինակներ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորները՝ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը:
Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել միայն Կառավարության համաձայնության դեպքում:
Ըստ նախագծի՝ Կառավարությունը կարող է չտալ այդ համաձայնությունը և մերժել սեփականության նման փոփոխություն կատարելու առաջարկը, եթե կա տվյալ գույքը ոչ հանրօգուտ և ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ ծանուցմանը կից փաստաթղթերը կեղծ են և խեղաթյուրված:
Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծը վերաբերում է նաև ՀԱԵ-ին, քանի որ վերջինս պատմամշակութային հուշարձանների է տիրապետում սեփականության իրավունքով: Այս պահին նմանատիպ եկեղեցիները և վանքերը 360-ից ավելի են, սրանց մեջ են ներառված նաև այն եկեղեցիները, որոնք չունեն հուշարձանի կարգավիճակ:
«Փաստացի, եթե ավելի պարզեցնեմ այն, ինչ անում ենք, մենք պնդում ենք, որ ՀԱԵ-ին պատկանող բոլոր եկեղեցիները պետք է շարունակեն պատկանել ՀԱԵ-ին: Եթե ինձ մնար, ես հենց այդպես էլ կձևակերպեի, որ ոչ մի ուրիշ մարդու չի կարող փոխանցվել սեփականության իրավունք, բայց սեփականության հարցը հաշվի առնելով՝ այսպես ենք ձևակերպել»,- ասաց նա: