ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը շարունակում է համալրել իր շարքերը։ Այս մասին հայտնում է ծառայությունը։
Էկոպարեկային ծառայության կայացման ընթացքն այս անգամ արժևորվել է Տավուշի և Սյունիքի մարզերում մասնագիտական ներուժի կենտրոնացմամբ՝ գլխավոր և ավագ խմբերի էկոպարեկների հաստիքների համալրման միջոցով, ապահովելով բնության պահպանության նոր և ավելի բարձր որակ։
«Գրավոր թեստավորման և հարցազրույցի փուլերն ուղղված են եղել բացահայտելու լավագույններին։ Թեկնածուների մասնագիտական պատրաստվածությունը գնահատվել է Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից։ Մրցույթի բոլոր փուլերն անցկացվել են Ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանի և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի անմիջական ղեկավարությամբ՝ ապահովելով ընտրության գործընթացի բարձր նշաձողը։
Թեկնածուներից պահանջվում էր ցուցաբերել.
լիազորությունների իրացում և իրավագիտակցություն. էկոպարեկի կողմից գործառույթների լիարժեք տիրապետումը երաշխավորում է, որ յուրաքանչյուր գործողություն կլինի իրավաչափ, հիմնավորված և ուղղված բնապահպանական օրենսդրության անշեղ կիրառմանը։
ճգնաժամային կառավարում. կարողություն՝ արագ կողմնորոշվելու բնապահպանական իրավախախտումների կանխման և արտակարգ իրավիճակների ժամանակ։
սկզբունքայնություն. կոռուպցիոն ռիսկերի բացառում և հավատարմություն Ծառայության արժեքներին։
Միացի՛ր մեզ։ Դարձի՛ր Էկոպարեկ և ստանձնիր բնության պահպանության առաքելությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։