Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը Իսպանիայի հարավում բախվել են երկու արագընթաց գնացքներ, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ, ևս 100-ը վիրավորվել են, նրանցից 30-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը:
Մալագա-Մադրիդ ուղևորվող Իրյո գնացքը ռելսերից դուրս է եկել և հայտնվել հարակից գծերի վրա, որտեղ էլ բախվել է Ուելվա ուղևորվող հանդիպակաց գնացքին։ Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու գնացքում ընդհանուր առմամբ 400 մարդ է եղել։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է։
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի խոսքով, ինչպես մեջբերում է El Pais-ը, ռելսերից դուրս գալը «չափազանց տարօրինակ» է, քանի որ գնացքը դուրս է եկել երկաթուղու ուղիղ հատվածում, որը վերանորոգվել էր անցյալ տարվա մայիսին և արժեքը կազմել էր մոտ 700 միլիոն եվրո: Ըստ նախարարի՝ նոր էր նաև գնացքը: