Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաան հայտարարել է քրդական «Սիրիական դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ) կազմակերպության հետ հրադադարի պայմանագրի մասին: Այդ մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը:
Փաստաթուղթը նախատեսում է «համապարփակ և անհապաղ հրադադար բոլոր ճակատներում և շփման կետերում» կառավարական ուժերի և ՍԴՈՒ-ի միջև:
Հաղորդվում է, որ հրադադարի մասին նոր պայմանագիրը պարունակում է 14 կետ, այդ թվում՝ քրդական աշխարհազորի բոլոր մարտիկների տեղափոխումը Սիրիայի բանակ: Նշվում է նաև ղեկավար պաշտոններում ՍԴՈՒ-ի որոշ անդամների նշանակելու և քրդերին ենթակա նավթի հանքավայրերը կառավարությանը հանձնելու մասին։ Փաստաթղթի համաձայն՝ քրդական շրջաններում բոլոր քաղաքացիական հաստատություններն ինտեգրվելու են պետական ինստիտուտներին։ Ավելի վաղ նախագահ ալ Շարաան ստորագրել էր հրամանագիր, որով քրդերենին տրվում էր ազգային լեզվի կարգավիճակ, քրդական Նոր տարին (Նովրուզ) հայտարարվում էր պետական տոն։
Հրադադարի պայմանագրի ստորագրումը հետևել է սիրիական բանակի կողմից քրդական ուժերի դեմ ուժեղ հարձակմանը և երկրի հյուսիս-արևելքում որոշ տարածքների (Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե, Դեյր էզ-Զոր նահանգ) ու կարևոր օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատմանը: