2027-ի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել խանութներում պոլիէթիլենային տոպրակների առկայությունը, բացառություն կլինեն վերամշակված հումքից արտադրված աղբի պարկերը:
Շրջակա միջավայրի նախարարության մշակած և Կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կընդունվի ԱԺ-ում քննարկումից հետո միայն:
Մինչ այդ՝ կարծիքները տարբեր են: Խոսվում է ոչ միայն վնասակարության դեմ անհրաժեշտ քայլի, այլև արտադրողների համար հնարավոր խնդիրների առաջացման մասին:
Նախարարությունից նշում են՝ արգելքի նպատակը պլաստիկ արտադրանքի գործածության կրճատումն է, իսկ արտադրողներին վերապրոֆիլավորվելու և նոր շուկաներ գտնելու ժամանակ է տրվել:
Արտադրությունը, ներմուծումն ու արտահանումը չեն արգելվի: Որպես այլընտրանք դիտարկվում են թղթե, կտորե բազմակի օգտագործման տոպրակները, նաև թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասքը, փայլաթիթեղյա տարաները:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան