Հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների և Մեքսիկայի նախագահները: Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել են անվտանգության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ներդրումների և առևտրի հետ կապված հարցեր։
«Շատ լավ զրույց ունեցանք նախագահ Թրամփի հետ։ Ընդգծել ենք, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն՝ առանց խախտելու երկրների ինքնիշխանությունը»,- շեշտել է Մեքսիկայի նախագահը:
Շեյնբաումը հավելել է՝ գործակցությունը և փոխադարձ հարգանքը միշտ լավ արդյունքներ են տալիս։ Նա նաև նշել է, որ Մեքսիկան պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում Միացյալ Նահանգների և Կուբայի միջև:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայում գործող նարկոկարտելների դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել։ Նա հույս էր հայտնել այդ հարցում գործակցել երկրի իշխանության հետ: