Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը զայրացած է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին, ըստ որի Հավանան պետք է գործարք կնքի Վաշինգտոնի հետ քանի դեռ ուշ չէ:
«Կուբան ազատ, անկախ և ինքնիշխան երկիր է։ Ոչ ոք մեզ չի թելադրում՝ ինչ անել»,- կիրակի X սոցիալական ցանցում գրել է լատինաամերիկյան առաջնորդը։
Նույն օրը ավելի վաղ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Կուբան «տարիներ շարունակ ապրել է Վենեսուելայից ստացվող մեծ քանակությամբ նավթի և փողի հաշվին», դրա դիմաց «անվտանգության ծառայություններ» ապահովելով Ուգո Չավեսին, որը 1999-2013 թվականներին զբաղեցնում էր հարավամերիկյան երկրի նախագահի պաշտոնը, և Նիկոլաս Մադուրոյին՝ Վենեսուելայի կառավարչին, որին ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայինները ձերբակալել էին հունվարի 3-ին:
Թրամփը հասկացրել է, որ իրավիճակ է փոխվելու, և «Կուբան Վենեսուելայից այլևս նավթ ու փող չի ստանա»։ Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել Կուբայի իշխանություններին գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ ուշ չէ։ Միաժամանակ նա չի հստակեցրել, թե ինչպիսի գործարք ի նկատի ունի, նաև չի բացահայտել Հավանայի համար վտանգավոր հետևանքները։