ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագիր մշակել։
«Իրանը, հնարավոր է, իրեն ճիշտ չի պահում։ Դա դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքների մասին», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ արդյունքը կլինի «ավելի լուրջ, քան նախորդ անգամ»։ ԱՄՆ նախագահը նկատի է ունեցել հունիսի 22-ի գիշերը՝ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ամանակ Իրանի երեք միջուկային օբյեկտի (Ֆորդո, Նաթանզ և Սպահան) վրա ԱՄՆ-ի հարվածները։
«Ես կարդացել եմ, որ նրանք զենք և այլ ռեսուրս են կուտակում։ Եթե դա ճիշտ է, ապա նրանք չեն օգտագործում նույն օբյեկտները, որոնք մենք ոչնչացրեցինք, այլ, հնարավոր է, օգտագործում են այլ օբյեկտներ», - ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հույս է հայտնել, որ Իրանը չի աշխատում իր միջուկային ծրագիրը վերսկսելու ուղղությամբ, քանի որ Միացյալ Նահանգները «չի ցանկանում վառելիք վատնել B-2-ների վրա»: Խոսքը հունիսյան հարվածի ժամանակ օգտագործված ամերիկյան ռմբակոծիչների մասին է:
«Դա 37-ժամյա երկկողմանի թռիչք է: Ես չեմ ուզում շատ վառելիք վատնել»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ երկխոսության: