Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Ֆլորիդայում կայացած հանդիպումից հետո:
Մասնավորապես, Դոնբասի 90 տոկոսը, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի 75 տոկոսը գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ: Մոսկվան ցանկանում է, որ ուկրաինական զորքերը հետ քաշվեն Դոնբասի այն հատվածներից, որոնք դեռ գտնվում են Կիևի վերահսկողության տակ: Ըստ Ուկրաինայի՝ այդ հատվածը կարող է վերածվել ազատ տնտեսական գոտու:
«Այդ հարցը լուծված չէ, բայց լուծումն ավելի է մոտենում: Սա շատ բարդ հարց է, բայց կարծում եմ՝ մենք այն կլուծենք: Մեկ կամ երկու շատ խնդրահարույց, շատ բարդ հարցեր կան, բայց կարծում եմ՝ մենք առաջ ենք ընթանում: Սա մեկ օրում կնքվող համաձայնագիր չէ»,- նշել է Թրամփը:
Իր հերթին, Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիրը դնել հանրաքվեի, սակայն դրա համար նախ հրադադար է հարկավոր:
«Հանրաքվեի անցկացումը տարբերակներից ընդամենը մեկն է: Հանրաքվեի կարող է դրվել ինչպես ամբողջ ծրագիրը, այնպես էլ առանձին դրույթներ: Հնարավոր է օգտագործել նաև խորհրդարանում քվեարկության հնարավորությունը: Եթե այս ծրագիրը ոչ միանշանակ լինի մեր հասարակության համար, իհարկե, հենց հասարակությունը պետք է որոշում կայացնի, որովհետև դա ուկրաինացիների հողն է, դա մեկ մարդու հողը չէ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը: