Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է Միացյալ Նահանգների գործողությունները տարածաշրջանում՝ նշելով, որ Վաշինգտոնը փորձում է գաղութային և ստրկատիրական գերիշխանության մոդել հաստատել: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը վիրտուալ իրականություն է հորինում, որպեսզի արդարացնի իր միջամտությունը:
Միևնույն ժամանակ, տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ուժեղացման ֆոնին Պուերտո Ռիկոյում նկատվել են ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքեր, ռազմական ինքնաթիռներ և անձնակազմ: ԱՄՆ-ը Կարիբյան ծովում տեղակայել է հազարավոր զինվորականների, ինչպես նաև ավիակիր նավ, ռազմանավեր և կործանիչներ:
Երկու երկրների միջև հարաբերությունները վերջին ամիսներին բավական լարված են: ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում տասնյակ հարվածներ է հասցրել նավակների՝ նշելով, որ դրանք Վենեսուելայից թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ: Այս հարվածների հետևանքով շուրջ 100 մարդ է զոհվել: Մի շարք երկրներ դատապարտել են այդ հարձակումները՝ դրանք որակելով որպես արտադատական սպանություններ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգելափակվեն Վենեսուելա մտնող և այնտեղից դուրս եկող նավերը, որոնք գտնվում են պատժամիջոցների ցանկում: Կարիբյան ծովում վենեսուելական նավթահումքով բեռնված արդեն երկու նավ է կալանվել: