Կամբոջան ու Թաիլանդը համաձայնության են հասել հրադադարի հաստատման վերաբերյալ՝ հաղորդում է Khmer Times-ը: Սահմանային կոմիտեի համատեղ հայտարարության համաձայն՝ ռեժիմն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ին, և գործելու է 72 ժամ: Համաձայնագիրը ստորագրել են Թաիլանդի և Կամբոջայի պաշտպանության նախարարները:
Հրադադարը վերաբերում է բոլոր տեսակի զենքերի կիրառմանը և բացառում է ինչպես քաղաքացիական օբյեկտներին ու ենթակառուցվածքներին, այնպես էլ կողմերի ռազմական թիրախներին հարվածները: Համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար կողմերը համաձայնել են օգտագործել սահմանային հարցերի համակարգման ստորաբաժանումները ASEAN-ի խմբի հսկողության ներքո: