Վաշինգտոնում ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկին նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավոր է ավարտել միայն դիվանագիտական ճանապարհով։ Ռուբիոյի խոսքով՝ դիվանագիտական կարգավորումը ենթադրում է փոխզիջումներ, իսկ ԱՄՆ-ի խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանն ու Ուկրաինան և ինչ են ակնկալում ստանալ։ Ընդ որում՝ որոշումը կկայացնեն Մոսկվան և Կիևը, իսկ Վաշինգտոնը հանդես է գալիս որպես միջնորդ՝ նշել է պետքարտուղարության ղեկավարը:
«Կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ շատ անելիք կա։ Ակնհայտ է, որ բարդագույն խնդիրները միշտ վերջինն են լուծվում»,- ընդգծել է Ռուբիոն։
Պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգների նախագահը խաղաղարարությունն առաջնահերթություն է համարում:
«Դուք տեսել եք մեր մասնակցությունն այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են Ռուսաստանի և Ուկրաինայի, Հնդկաստանի և Պակիստանի, Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը, Սուդանի ողբերգությունը կամ Հարավային Սուդանի հակամարտությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Մենք միշտ փնտրում ենք միջնորդի դերում հանդես գալու հնարավորություններ, որտեղ հնարավոր է կանխել պատերազմը կամ վերջ տալ հակամարտություններին»,- ասել է Ռուբիոն: