Ադրբեջանական վառելիքի մատակարարումը միտված է շուկայի դիվերսիֆիկացմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը և սպառողներին առավել մատչելի առաջարկ ապահովելուն՝ պահպանելով որակի և անվտանգության բոլոր պահանջները։ «Լուրեր»-ին տրված մեկնաբանության մեջ նշել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծումն իրականացնող «ՄեգաԹրեյդ» ընկերությունը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների միջև ձեռք բերված համաձայնության և սահմանված ընթացակարգերի շրջանակում ընկերությունը իրականացնելու է նավթամթերքի ներմուծում Հայաստանի Հանրապետություն»,-նշել է ընկերությունը։
Ըստ «ՄեգաԹրեյդ»-ի՝ սա մատակարարման այլընտրանքային ուղղության գործարկում է, որը միտված է շուկայի դիվերսիֆիկացմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը և սպառողներին առավել մատչելի առաջարկ ապահովելուն՝ պահպանելով որակի և անվտանգության բոլոր պահանջները։
«Ներմուծված նավթամթերքը հասանելի կլինի RanOil ցանցի բենզալցակայաններում, ինչը շոշափելիորեն կնպաստի վառելիքի գների նվազմանը և ոլորտում ավելի թափանցիկ գնագոյացման ձևավորմանը։ Մենք կարևորում ենք մատակարարման կայունությունն ու կանխատեսելիությունը և համոզված ենք, որ նոր աղբյուրների ներգրավումը կնպաստի վառելիքի շուկայի հավասարակշռությանը և կամրապնդի մեր երկրի էներգետիկ ու տնտեսական դիմակայունությունը»,- նշված է մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը:
Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։