«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կազմակերպմամբ դեկտեմբերի 16-ից 17-ն անցկացվող սեմինարին, որը նվիրված է ենթակառուցվածքային ծրագրերում աշխատանքային և տեխնիկական անվտանգության, բնակչության առողջության, թափոնների կառավարման թեմաներին։ Այս մասին հայտնում է դեպարտամենտը:
Սեմինարի մեկնարկին մասնակիցներին ողջունել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ մեր օրերում աշխատանքի անվտանգության, սոցիալական և շրջակա միջավայրի պահպանման կարևորությունն աճում է, քանի որ նոր տեխնոլոգիաների ներդրումը և շրջակա միջավայրի պահպանման պահանջները թելադրում են ոչ միայն գործընթացների գրագետ կառավարում, այլև ամուր անվտանգության մշակույթի ստեղծում աշխատավայրերում։ Փոխնախարարն ընդգծել է, որ ՀՀ ՏԿԵ նախարարության համար այս ոլորտները ռազմավարական են։ Նա վստահություն է հայտնել, որ գիտելիքների փոխանցմանն ու փորձի փոխանակմանը միտված այս սեմինարը կընթանա արդյունավետ՝ գործնական հմտություններ հաղորդելով մասնակիցներին։
Սերմինարի նպատակն է բարձրացնել նախագծեր իրականացնող խմբերի, շինարարության տեխնիկական հսկողություն կատարող կազմակերպությունների և այլ կառույցների սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության հարցերով մասնագետների կարողությունները։
Սեմինարի առաջին օրը քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում աշխատանքային անվտանգության ապահովման նպատակով ներկայացվող ընդհանուր պահանջները, այս ոլորտում ազգային օրենսդրությունն ու նորմատիվ պահանջները, ինչպես նաև միջազգային չափանիշները։ Անդրադարձ է եղել շինհրապարակներում ձեռնարկվող անվտանգության միջոցառումներին, ռիսկերին, աշխատակիցների անվտանգության ապահովման ասպեկտներին։
Սերմինարի շրջանակներում քննարկումները շարունակվում են նաև դեկտեմբերի 17-ին։