2024 թվականին ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը, որով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ դատարանների հետ կապուղիների և էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմումների ներկայացման հետ կապված կարգավորումները՝ մարտի 1-ից:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի՝ դատարանների հետ կապուղիների ներդնումը և էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմումների ներկայացումը ենթադրում է կատարողական թերթի ինստիտուտի վերացում: Պարտատերն այլևս անձամբ պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, և դատարանից կպահանջվի միայն տրամադրել այդ կապուղու միջոցով դատական ակտի եզրափակիչ մասը: «Այսինքն՝ 2026 թվականի մարտից նշված կարգավորումների համար անհրաժեշտ է լինելու դատարանների հետ նոր կապուղու առկայություն: Սակայն թվայնացման աշխատանքներին զուգահեռ պարզ է դարձել, որ մարտի 1-ից հնարավոր չի լինի այդ կապուղիների ստեղծումը, համակարգի գործարկումը: Հետևաբար իրատեսական չէ այդ մասով օրենքի համապատասխան կարգավորումների ուժի մեջ մտնելը»,- ընդգծել է զեկուցողը՝ հավելելով, որ դեռևս հնարավոր չէ ապահովել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և էլեկտրոնային դատավարության համակարգերի պատշաճ փոխգործելիությունը:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկում է երկարաձգել կապուղիների ներդրման և կատարողական թերթի մասով ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:
Նախաձեռնությամբ առաջարկվում է նաև հստակեցումներ կատարել կատարողական ծախսերի հատուցման և կատարողական վճարների գանձման կանոնների կիրառման մասով: Սահմանվում է, որ նոր կանոնները կկիրառվեն միայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«Կատարողական վարույթի մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում: