Ընդհանրապես հիբրիդային հարձակումները և ապատեղեկատվությունը միայն հայաստանյան խնդիր չեն. ընդհանուր առմամբ աշխարհում ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումների է ենթակվում տարբեր տեղերից, և այս առումով ԵՄ-ը և մի շարք այլ կառույցներ, երկրներ ունեն որոշակի գործիքակազմ, որը ցույց է տվել որոշակի արդյունավետություն: Սա հաշվի առնելով, ի թիվս այլ հարցերի, որոնք ամրագրված են նաև վերջին ստորագրված փաստաթղթում, սա ևս մեկ թեմա է, որի շուրջ Հայաստանը պատրաստվում է համագործակցել ԵՄ-ի հետ, որովհետև ԵՄ-ն ունի այդ գործիքակազմը և պատրաստ է գործիքակազմով կիսվել ՀՀ-ի հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հիբրիդային դրսևորումների դեմ պայքարի հարցում ԵՄ հետ համագործակցությանը:
«Այստեղ որևէ միջամտության հարց չի կարող լինել ՀՀ ներքին գործերին, որովհետև սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում, իսկ ընդդիմադիր գործընկերներին ներքին միջամտության տեսանկյունից ես կուզենայի, որ դուք հարցնեիք՝ օրինակ՝ ռուսաստանցի օլիգարխի միջամտությանը ՀՀ ներքին քաղաքական կյանքին ի՞նչ գնահատական կտան: Ես չեմ ասում նրա մասնակցությունը կոչվում է հիբիդային պատերազմ, ես ասում եմ՝ ընդդիմադիրները մեզ մեղադրում են, որ ԵՄ-ն երկրի ներքին գործերին է խառնվում, բայց երկրի ներքին գործերին խառնվելու ցցուն օրինակներ ենք տեսնում»,- ասաց նա:
Խանդանյանի խոսքով՝ հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են լինում, այլ նաև Հայաստանի ներսից:
«Հայաստանի ներսից է հիբրիդային հարձակումների ենթարկվում Հայաստանի ժողովրդավարությունը: Օրինակ՝ որոշ լրատվամիջոցների վերնագրեր, որ կարդում ենք, դա բավարար պատկեր է ցույց տալիս ապատեղեկատվության: Բայց հիբրիդային հարձակումները ոչ միայն ապատեղեկատվության, կիբեռանվտանգության մասին են, որոշակի ֆինանսական ժամանակակից մեխանիզմների մասին են, և լավ կլինի, որ Հայաստանն այդ առումով դիմակայունություն ձեռք բերի:
Ես չեմ պնդում, որ միայն Ռուսաստանից են գալիս այդ սպառնալիքները, բայց երբ նայում ենք ռուսական պետական հեռուստաալիքների և հայտնի դեմքերի մտքերը և արտահայտությունները ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների նկատմամբ՝ կարող ենք արձանագրել, որ դա ևս հիբրիդային կամ Հայաստանի ժողովրդավարության դեմ ձեռնարկված որևէ քայլ է:
Մենք դրսից մարդիկ չենք բերում, Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցում է, ի թիվս այլ թեմաների, նաև ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ նմանատիպ սպառնալիքների դեմ եվրոպական գործիքակազմից օգտվելու համար: Խոսքը ֆինանսական ռեսուրսների մասին չէ միայն, խոսքը մեթոդաբանության և գործիքակազմերի մասին է»,- ասաց Սարգիս Խանդանյանը: