Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագրի (VLAP) գնահատման առաջին առաքելությանը։
Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է գործողությունների ծրագրի` Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող՝ առաջին փուլի հենանիշների ուղղությամբ կատարված աշխատանքները, ներառյալ գործողությունների ծրագրի իրականացման՝ նախարարության իրավասությանն առնչվող ենթագործողությունների աղյուսակն ու դրանց իրականացման ժամանակացույցը։
Աննա Կարապետյանը մանրամասն անդրադարձել է՝
-
հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում ձեռնարկված քայլերին,
-
իրավական փոխօգնության ու դատական համագարծակցության մեխանիզմների կատարելագործմանը,
-
անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին,
-
դատաիրավական բարեփոխումներին,
-
քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին,
-
խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող քաղաքականությանը։
Առաքելության անդամները բարձր են գնահատել գործողությունների ծրագրի ստացումից հետո այսքան կարճ ժամանակահատվածում ձեռնարկված աշխատանքները՝ ընդգծելով Հայաստանի հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունն ու հայկական կողմի պատրաստակամությունը:
Գնահատման արդյունքներով գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի զեկույցը կներկայացվի 2026 թվականի առաջին կեսին: