Թաիլանդի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում մարտեր են մղում Կամբոջայի զորքերի դեմ։ Այս մասին հայտնել են արևմտյան լրատվամիջոցները։ Ռազմական գործողությունները ծավալվել են Սիամական ծոցին հարող սահմանի արևմտյան հատվածում, ինչպես նաև արևելքում՝ Լաոսի հետ սահմանի մոտ։
Թաիլանդի տվյալներով՝ Կամբոջան կիրառել է «Գրադ» համակարգեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և տանկեր։ Կամբոջան էլ հայտարարել է, որ թաիլանդական կողմը ԱԹՍ-ների, հրետանու և ականանետների միջոցով հարվածել է երկրի տարածքին։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին մարտերը վերսկսվել են դեկտեմբերի 8-ին։ Կողմերը միմյանց են մեղադրել ամռանը ձեռք բերված հրադադարի խախտման համար։
Այս տարվա հուլիսին երկու երկրների բախման հետևանքով զոհվել էր 48 մարդ, իսկ 300 հազարը տեղահանվել է։ Այն ժամանակ ԱՄՆ-ին հաջողվել էր կողմերին մղել բանակցությունների։ Սակայն նոյեմբերին Թաիլանդը սառեցրել էր լարվածության թուլացման միջոցառումները՝ պնդելով, որ նման քայլի է դիմել, երբ թաիլանդցի զինվոր էր զոհվել կամբոջացիների տեղադրած ականի պայթյունից։ Կամբոջան հերքել էր մեղադրանքը։
Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր գործադրել բոլոր ջանքերը Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված հակամարտությունը դադարեցնելու համար։