ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպմանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց. «Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չմասնակցելը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի, և չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում տեղի ունենալիք, նախատեսված ինչ-որ միջոցառմանը: Կարծում եմ, որ դա այլևս քննարկելի հարց չէ տարածաշրջանային այս իրավիճակում: Եթե կան ինչ-որ պրոբլեմներ, մենք դրանք կբարձրաձայնենք։ Օրինակ՝ ինձ համար պրոբլեմ է հանդիսանում պահվող անձանց, գերիների առկայությունը, բայց, կարծում եմ, դա, ինչպես նախկինում, նույնպես քննարկելի և լուծելի հարց է, բայց չմասնակցել, իմ կարծիքով, ուղղակի չի կարելի»։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը Իրանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Հայաստանում:
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր՝ նշելով, որ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն: