Դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքականության հարցերով տեղակալ Գայ Ռայդերի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ընդլայնել և ամրապնդել փոխգործակցության շրջանակը։
Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումների շուրջ։ Կարևորվել է ՄԱԿ-ի կառույցների հետագա արդյունավետ աշխատանքի ապահովումը զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգի համատեքստում։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ կարևորելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես տարածաշրջանում հաստատված խաղաղության պահպանման և ամրապնդման գրավական։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է 2026 թ․ Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքներին և ներկայացրել ՀՀ տեսլականը՝ ուղղված ներառական, համագործակցային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ համաժողովի անցկացմանը։