ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել AMD ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբոնսի հետ: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Իմ խոսքում ներկայացրել եմ ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերը, կարևորել AMD-ի դերը և ընդլայնվող ներկայությունը Հայաստանում։
Անդրադարձել ենք նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման, առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության վերաբերյալ մի շարք հարցերի։ Ուշադրություն ենք դարձրել համալսարանական և ակադեմիական գործընկերության զարգացմանը՝ կարևորելով համատեղ կրթական ծրագրերի և հետազոտական նախաձեռնությունների հնարավորությունները, լաբորատոր հզորությունների աջակցման մեխանիզմները և մասնագիտական տաղանդների զարգացման ուղիները։
Այս համատեքստում ընդգծել ենք այն ռազմավարական կարողությունները, որոնք կարևոր են AMD Armenia-ի հետագա զարգացման և առաջատար տեխնոլոգիական լուծումների՝ ներառյալ արհեստական բանականության և առաջադեմ սարքավորումների ներդրման համար։
Հանդիպման ավարտին երկուստեք հստակեցրել ենք համագործակցության հաջորդ քայլերը` ամփոփելով առաջիկա գործողությունների առաջնահերթությունները»,- ասված է հաղորդագրությունում։