Վաշինգտոնը ցանկանում է կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը և փրկել կյանքեր՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Եվրոպան էլ պետք է զգույշ լինի:
«Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան մնա Եվրոպա։ Նրանք վատ ուղղությամբ են շարժվում։ Մենք չենք ուզում, որ Եվրոպան այդքան շատ փոխվի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Զուգահեռ՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը նախազգուշացրել է, որ Թրամփը կարող է հրաժարվել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերից, եթե հասկանա, որ Մոսկվան և Կիևն ի վիճակի չեն խաղաղության համաձայնագիր կնքել։ Միևնույն ժամանակ, Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղությունն այժմ ավելի մոտ է, քան երբևէ։
«Թրամփը հասկանում է՝ ինչպես ճնշում գործադրել երկու կողմի վրա էլ: Համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի մասնակցությունը»,- եզրափակել է ամերիկացի պաշտոնյան։