Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, որ երկկողմ օրակարգը լայն է և ներառում է բազմաթիվ ոլորտներ, որտեղ բոլոր հարցերի համար կան կոնկրետ ճանապարհային քարտեզներ։
Նշելով, որ միջկառավարական հանձնաժողովը հաջողությամբ է գործում՝ Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցությանը։ Նա վստահություն է հայտնել, որ իրանական պատվիրակության այցը կլինի հաջող ու արդյունավետ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին նախ պետության ղեկավարին է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ողջույնները։ Արաղչին, իր հերթին, նշել է, որ ադրբեջանա-իրանական կապերը խոր արմատներ ունեն, և ընդգծել է հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։