ՄԱԿ-ի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրվա շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը։ Այս մասին հայտնել է ԱՍՀ նախարարությունը:
«Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Այս տարի փառատոնին մասնակցել է շուրջ 600 երեխա և պատանի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից և այլ երկրներից։
Գալա համերգին երեխաները հայտնի արտիստների հետ հանդես են եկել Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ, իսկ բեմում նրանց միացել են նաև պաշտոնյաները՝ մեծ ոգևորություն պարգևելով մասնակիցներին։ Երեխաներին նվագակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը։