Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը կապ է հաստատել Կիևի հետ: «Խաղաղության գործընթացում առաջընթաց ենք գրանցում: Ամերիկյան պատվիրակության կարծիքով՝ Մոսկվա այցը դրական է եղել»,- մանրամասնել է Անդրիյ Սիբիհան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո դիվանագետը հավելել է, որ Ուկրաինան զիջումների չի գնալու իր ինքնիշխանության հարցում, սահմանների ուժային փոփոխություն չի լինելու:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չափազանց կարևոր է որակել Պուտինի և ամերիկացի բանագնացների հանդիպումը: Մարկ Ռյուտեն տեղեկացրել է, որ խաղաղության ջանքերին զուգահեռ Դաշինքը մտադիր է շարունակել զենք գնել Ուկրաինայի համար։ Նա մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան պատրաստ չէ փոխզիջման գնալ, ուստի հարկավոր է ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են խաղաղությանն ավելի, քան երբևէ: «Այժմ նրանք վիճում են մոտ 30-50 կիլոմետր տարածքի և Դոնեցկի շրջանի 20%-ի համար, որոնք ուկրաինական վերահսկողության տակ են»,- մանրամասնել է դիվանագետը։ Ռուբիոն հավելել է, որ Միացյալ Նահանգները չի կարող անվերջ աջակցել Կիևին:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան